Jump to content

Ռուզան Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզան Մուրադյան
Ծնվել էհունիսի 15, 1949(1949-06-15) (75 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1965) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1973)
ԱմուսինԼևոն Շարաֆյան

Ռուզան Հուսիկի Մուրադյան (հունիսի 15, 1949(1949-06-15), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոնցերտմայստեր, դաշնակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզան Մուրադյանը ծնվել է 1949 թվականին, Թբիլիսիում։ 1950 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, 1965 թվականին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1968-1973 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։

2001 թվականից ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բալետի, երգչախմբի, նվագախմբի, սոլիստների համար կոնցերտմայստեր աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 1969-1973 թթ. Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ մասնակցել է «Սիլվա», «Իմ չքնաղ լեդի», «Սև վիշապ», «Մարդը Լամանչից», «Սեր աստղերի տակ», «Մորգանի խնամին» և շատ ուրիշ բեմադրություններին։ Որպես բալետային խմբի կոնցերտմայստեր 1973-2001 թթ. աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ստեղծագործական գործունեությունը սկսվել է «Գայանե» բալետի բեմադրությամբ, որի ժամանակ աշխատել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ։ Մասնակցել է «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Սպարտակ», «Դիմակահանդես», «Կարապի լիճ», «Անմահություն» և այլ բեմադրություններում։ Որպես գլխավոր կոնցերտմայստեր՝ պատրաստել է երիտասարդ կադրեր բալետում նվագելու համար։ Աշխատել է Նադեժդա Պավլովայի, Վյաչեսլավ Գորդեևի, Մարիս Լիեպաի, Լիլիանա Կոզիի, Վալենտինա Գանիբալովայի, Վիլեն Գալստյանի, Աշոտ Ասատրյանի, Մաքսիմ Մարտիրոսյանի, Նորայր Մեհրաբյանի, դիրիժորներ Արամ Քաթանյանի, Հակոբ Ոսկանյանի, Օհան Դուրյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հովհաննես Չեքիջյանի, Վալերի Գերգիևի, Ալգիս Ժյուրայտիսի և այլոց հետ։ Թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կիևում, Թբիլիսիում, Դոնի Ռոստովում, Գերմանիայում, Թունիսում, Ալժիրում, Արգենտինայում, Մեքսիկայում, և ԱՄՆ-ում։ Զուգահեռ աշխատել է մանկական երաժշտական թատրոնում և դասավանդել երաժշտական դպրոցում։ 2001-2010 թթ. որպես դաշնակահար աշխատել է Փասադենայի Le Studio-ում, 2007-2010 թթ., միաժամանակ՝ Pasadena Dance Theatre-ում, 2011-2012 թթ.` Լոս Անջելեսի City of Angels Ballet-ի դաշնակահար, 2011 թվականից, միաժամանակ` Սանտա Մոնիկայի քոլեջի բալետի բաժնի դաշնակահար։ Պարբերաբար ելույթ է ունեցել Փասադենա քաղաքում անցկացվող բալետի փառատոներին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ռուզան Մուրադյանի կենսագրականը zarkfoundation.com կայքում».
  2. Ռուզան Մուրադյանի գործունեությունը contactbee.com կայքում